Վրաստանում 102-ամյա կնոջը բուժել են կորոնավիրուսից
Քութայիսում հիվանդանոցից դուրս է գրվել 102-ամյա Գալինա Զաքրաձեն, ով հիվանդ էր կորոնավիրուսով: Պացիենտի հետ հրաժեշտի տեսանյութն այսօր տարածել է «LG and Company» ինֆեկցիոն պաթոլոգիաների կլինիկան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Գալինա Զաքրաձեն Covid-19-ով վարակվել է ծերանոցում: Երկու շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր: Ըստ բժիշկների՝ պացիենտն այժմ իրեն լավ է զգում: Նա ոչ մի բարդություն չունի:
«102-ամյա Գալինա Զաքրաձեն հաղթել է վիրուսին: Բուժումն ու բոլոր անհրաժեշտ հետազոտությունները անցկացվել են երկու շաբաթվա ընթացքում»,- ասել են կլինիկայում:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված մեկնաբանության մեջ Զաքրաձեն խոստովանել է, որ շատ ուրախ է իր ապաքինման եւ պանսիոնատ վերադառնալու կապակցությամբ: Ինչպես նշվել է, կինն արդեն երեք տարի ծերանոցում է ապրում:
Փետրվարի վերջից մինչ օրս Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 78 658 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը 58 674 է, մահացել է 669 մարդ:
Ներկայումս COVID-19-ի 17 289 դեպք շարունակում է ակտիվ մնալ: Նրանցից 4957 հիվանդներ (մոտ 30%) բուժվում են հիվանդանոցներում, 8611-ը (ավելի քան 50%)` տանը, եւ 3413-ը՝ քովիդ-հյուրանոցներում` բժիշկների հսկողության ներքո: