Չի՛ կարելի. այն, ինչ այդ անձինք ու այդ ուժերը այսօր անում են փողոցում՝ կոչվում է պետությունը ճոճել
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն առ այսօր չի ստացել օրերս ԱԱԾ և գլխավոր դատախազություն ուղարկված իր դիմումի պատասխանը, որով նա նշված իրավապահ մարմիններից պահանջում էր քրեական գործ հարուցել նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Փաստաբանը այդ դիմումով իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը ոչ սահմանադրական եղանակով փոփոխելու կոչեր իրականացնելու փաստի վրա։
Սիրունյանն իր դիմումին կցել է նաև Վազգեն Մանուկյանի հայտարարության տեքստը և կոչ արել քրեական գործ հարուցել։ Սիրունյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազությունից այսպես էլ պատասխան չի ստացել, իսկ ԱԱԾ-ից պատասխանել են, որ իր դիմումը ուղարկել են ոստիկանություն։
Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ինչպես այդ հայտարարությունը, այնպես էլ վերջին երկու օրը հնչող նման հայտարարությունները ռազմական դրության ժամանակ քրեորեն հետապնդելի են, ու անհապաղ պետք է քրեական գործ հարուցվի ոչ միայն Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ «Այդ արարքների համար Քրեական օրենսգրքում հոդված կա, 301 հոդվածը՝ իշխանությունը բռնի փոխելու կոչեր։ Այդ հայտարարությունները լիովին տեղավորվում են այս հոդվածի տակ, ու Վազգեն Մանուկյանի, նրա մյուս աջակիցների՝ Հրատ Բագրատյանի ու մյուսների նկատմամբ պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի։ Պետությունը հիմա պետք է հստակ քայլեր ձեռնարկի այս ամենի դեմ։ Այդ անձինք հիմա պետությունը ճոճում են։
Կառավարությունը ճիշտ է գործել, թե սխալ, մենք դրա մասին ազգովի կմտածենք, գնահատականը կտանք առնվազն 1-2 ամսից, բայց ոչ թե այս երկու օրը։ Էս ի՞նչ եք անում ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել, սա հրադադար է։ Այն, ինչ այդ անձինք ու այդ ուժերը այսօր անում են փողոցում՝ կոչվում է պետությունը ճոճել։ Ուրիշ բացատրություն, ուրիշ անուն չկա այդ ամենին»,- ասել է Սիրունյանը։
Նրա խոսքերով՝ եթե այդ ուժերը ուզում են վարչապետը փոխվի, բա ինչի չեն ասում, թե ում են ուզում տեսնել։ «Էդ ում եք գտել, որ ուզում եք վարչապետին փոխել։ Չի՛ կարելի։ Կրկնում եմ, վերջ տվեք պետության հիմքերը շարժել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս օրերին պետք է իրավապահ մարմինները ավելի խիստ գործեն, օրենքը պետք է ավելի խիստ գործի, քաղաքացիները պետք է ավելի խիստ ենթարկվեն օրենքի պահանջներին։ «Իշխանությունը չի կարող չօգտագործել այն լծակները, որոնք իրեն օրենքով վերապահված են։ Կարգուկանոնը պետք է միատեսակ լինել։ Տարօրինակ բան եմ ասում, բայց հիմա կարող է և դեմոկրատիա չլինել։ 2-3 ամիս հետո խոսենք դեմոկրատիայից, խնդրեմ։
Բայց ոչ հիմա։ Էս ինչ վիճակ է։ Ով տեղից վեր է կենում, ուժայիններին հորդորում է դուրս գալ իշխանության դեմ։ Սա մտահոգիչ է։ Հիմա ինչ որ արվում է, արվում է պետության դեմ։ Հիմա ժամանակը չէ քննարկելու՝ Նիկոլը լավ է, թե լավը չէ։ Իսկ այդ ուժերը, նման դիսկուրս առաջ քաշելով, հրահրում են քաղաքացիական պատերազմ»,- եզրափակել է Սիրունյանը։