Ես քեզ կնվիրեմ մի լավ համակարգիչ, ժամացույց, ընտիր օծանելիք, միայն թե վերադարձրու ժողովրդին մեզնից գողացածդ, վերադարձրու մեր զավակներին․ Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երեկ կառավարության շենքից գողացել են ժամացույց, օծանելիք և այլ իրեր։
Գրառումը ներկայանցում ենք ստորև․
«Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը, որ կշտանաս։ Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն ինչ դու ես գողացել մեզնից։
Վերադարձրու խնդրեմ մեր զավակներին, նրանց մայրերի և հարազատների խորտակված կյանքները, վերադարձրու մեր վիրավոր զինվորների առողջությունը, նրանց կորցրած ոտքերը, ձեռքերը, լսողությունը, տեսողությունը, վերադարձրու մեր կորցրած Հայրենիքը, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և մյուս քաղաքների և գյուղերի քանդված տները, դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի օջախները, վերադարձրու խնդրեմ Շուշիի Ղազանչեցոց տաճարում մեր աղոթքները, վերադարձրու մեր ժողովրդից գողացված վստահությունը, հավատը, վերադարձրու խնդրում եմ մեզնից գողացված բոլոր երազները․․․»։