«Այդ երբվանի՞ց է կողմնակալ մեդիան հայտնում՝ ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահ». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հերթական գրառումն է արել նոյեմբերի երեքին կայացած նախագահական ընտրությունների ելքի թեմայով:
«Այդ երբվանի՞ց է Lamestream Media-ն (ամերիկյան այժմյան լրատվամիջոցների մեծ մասը, որոնք, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, լուսաբանման հարցում կողմնակալ են և գտնվում են ձախակողմյան հարուտ էլիտայի ազդեցության տակ) հայտնում՝ ով է լինելու մեր հաջորդ նախագահը: Մենք բոլորս շատ բան իմացանք վերջին երկու շաբաթում»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Դրանց արդյունքներով ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը և ապահովել նախագահական ընտրություններում ձայների ազնիվ հաշվարկը։
«Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների։ Յուրաքանչյուր օրինական, բայց ոչ անօրինական, ձայնը պետք է հաշվարկվի։ Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը լիակատար թափանցիկության միջոցով»,- Twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը։