ԱՄՆ–ն լուրջ արձագանքի չարժանացրեց ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերջին բռնկումը․ Al Arabiya English
ԱՄՆ-ն, ի տարբերություն Ֆրանսիայի և Ռուսաստանի, լուրջ արձագանքի չարժանացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերջին բռնկումը, գրում է Al Arabiya English-ը։
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին պարբերականին հայտնել է, որ ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների վարչակազմերի՝ այս հակամարտությունը պակաս առաջնային էր ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մոտալուտ նախագահական ընտրությունները և կորոնավիրուսի սրվող համավարակը վարչակազմի ուշադրությունը կենտրոնացրել են ներքին խնդիրների վրա։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ում ընտրությունները, դժվար կլիներ պատկերացնել, որ Թրամփի վարչակազմը այդ պահին ավելին կանի»,- թերթին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություների վերսկսումից հետո ողջունելի կլիներ Պոմպեոյի այցը Մոսկվա, Փարիզ կամ նույնիսկ Երևան և Բաքու։
ԱՄՆ-ի մասնակցության բացակայությունը համապատասխանում է Թրամփի վարչակազմի «Առաջինը Ամերիկան» արտաքին քաղաքականությանը՝ ազդարարելով միջազգային բեմից մասնակիորեն հեռանալու մասին, ասել է նա։
«Այդ տարածաշրջանը շատ հեռու է ԱՄՆ-ից, հակամարտությունը տեղի չի ունենում Մեքսիկայում կամ Վենեսուելայում, այլ աշխարհի մյուս մասում, ուստի չեմ կարծում, որ միևնույն մակարդակի ուշադրության կարժանանա»,- ասել է Ստրոնսկին:
Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունը, հավանաբար, ավելի մեծ ուշադրության կարժանանա Ջո Բայդենի վարչակազմի կողմից, եթե վերջինս հաղթի ընտրություններում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։