Վատ սերունդ ենք, որ գողապետության տարիներին լռելով՝ նորմալ երկիր չապահովեցինք մեր երեխաների համար. Նիկոլայ Ծատուրյան
Այդ «վայրի արջի ցեղերը» արդեն հարյուր տարուց ավելի է ապացուցում են, որ իրենք ցեղախումբ են, որի համար չկա ոչ մի սրբություն: Արդեն հասել են ամենասուրբ վայրերի՝ անգամ ծննդատունը ռմբակոծելուն: Ինչքան պետք է վայրենի ու գաղջ լինեն, որ այդ քայլին գնան: Նրանց նպատակը հասկանալի է՝ այնպես անել, որ բնկաչությունը հեռանա ու իրենք կարողանան հեշտությամբ մտնել անմարդաբնակ վայրեր: Բայց փառք մեր զինվորներին, փառք ու պատիվ մեր տղաներին: Էս ի՜նչ սերունդ է. հրաշք սերունդ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Իսկ մենք վատ սերունդ ենք: Մենք վատ սերունդ ենք, որ չկարողացանք մեր երեխաների համար ապահովել հանգիստ, հզոր, շատ ավելի կարգին երկիր. գողապետության տարիների մեր լռությունը ազդում է նաև այսօրվա վրա: Այս սերունդն ամեն ինչ պիտի անի, որ կարգին երկիր ապահովի իր երեխաների համար: Իսկ մեր լեզուն պետք է շատ կարճ լինի»,- ասել է Ծատուրյանը:
Անդրադառնալով պարտության քարոզ իրականացնողներին՝ ռեժիսորը նկատել է, որ շատերի կարծիքով՝ պատերազմների ժամանակ դավաճաններ էլ են լինում. «Բայց պատերազմի ժամանակ լինում է նաև տրիբունալ, և հիմա պետք է օգտագործել տրիբունալը: Ես Փաշինյանի վրա եմ բարդում մեղքը՝ այ մարդ, ի՞նչ սիրո, համերաշխության, թավշյա հեղափոխություն: Չպիտի հանդուրժել այս մարդկանց, որոնք այսօր ձայնները գլուխներն են գցել… Ձայնները գլուխներն են գցել, որ «փրկվեն նավից»: Հույս ունեն նորից նստել աթոռներին: Փորձում են սեպ խրել, այն դեպքում, երբ այսօրվա վիճակով ամենակարևորը մեր միասնականությունն է: Նրանց պետք է կանգնեցնել ու գյուլլել…»:
Մանրամասները՝ տեսանյութում: