Washington Post. Ինչպես դադարեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը
Հրադադարի մասին բանակցությունները դիվանագետի համար մղձավանջ են: Հարձակվող կողմը չի ցանկանում հրաժարվել իր առավելությունից, իսկ պաշտպանվող կողմը չի ցանկանում զենքի սպառնալիքով զիջումների գնալ: Հենց սա է Պետդեպարտամենտի պաշտոնյաների խնդիրը որոնք փորձում են հասնել կայուն հրադադարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սարսափելի պատերազմում, գրում է Դեւվիդ Իգնատիուսը՝ Washington Post-ում:
«Վաշինգտոնի կողմից կիրակի օրը հայտարարված զինադադարը առայժմ հաջողությամբ չի պսակվել, ինչպես եւ այս ամիս ավեղի վաղ կնքված երկու հրադադարները՝ Մոսկվայի եւ Փարիզի միջնորդությամբ: Բայց ԱՄՆ պաշտոնյաները սեղմում են ճիշտ կոճակներ, որոնց նպաստում է (այո, հենց այդպես) նախագահ Թրամփի թվիթը: Նրանք առաջարկում են հոկտեմբերի 29-ին հանդիպում անցկացնել Ժնեւում` իրական հրադադարի միջազգային մոնիտորինգ կազմակերպելու համար (որը ցանկանում է Հայաստանը) եւ բանակցություններ վարել «համապարփակ կարգավորման» (որին ձգտում է Ադրբեջանը) «ժամկետների» վերաբերյալ:
Թրամփի վարչակազմը հասունացող հրդեհի տագնապալի նշանները նկատել էր դեռեւս սեպտեմբերի 25-ին, երբ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը նախազգուշացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին ռազմական հզորության աճեցման մասին: Երկուսն էլ երդվեցին, որ չեն պատրաստվում կռվել, բայց 48 ժամ անց Ադրբեջանը սկսեց հարձակումը, իսկ Հայաստանն անմիջապես պատասխանեց:
Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին պայմանավորվեց հրադադարի մասին, բայց այն խախտվեց նախքան թանաքը կչորանար. Ֆրանսիան հրադադարը հաստատեց հոկտեմբերի 17-ին, բայց կրկին անարդյունք: Այնուհետեւ միջամտեց պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անցած ուրբաթ երկու երկրների արտգործնախարարներին համատեղ բանակցությունների համար Վաշինգտոն կանչելով: Շաբաթ երեկոյան Բիգանը պայմանավորվեց երկու միջազգային խմբերի վերահսկողության ներքո հրադադարի եւ Ժնեւում այս հինգշաբթի կայուն կարգավորման շուրջ բանակցությունների մասին: