Պուտինը Էրդողանի հետ քննարկել է հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Պուտինը Էրդողանին տեղեկացրել է նաև «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հնարավորինս շուտ զինադադարի հաստատման և ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են «շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև»: