Պոմպեոն հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատեց այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար:
Չորեքշաբթի մամուլի ճեպազրույցում ելույթ ունենալով՝ ԱՄՆ արտաքին գործերի նախարարն ասել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:
«Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, մնում է այն, որ առաջ գնալու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է: Ոչ մի երկիր չպետք է միջամտի՝ կրակին յուղ լցնելով, չպետք է տրամադրվեն զենքային համակարգեր, աջակցություն: Եվ հետո, այդ փուլում դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի կլինի»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: «Այս մասին ես կխոսեմ նրանց հետ ուրբաթ օրը», – հավելել է Պոմպեոն: