Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ըստ էության, մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: Այ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելեւս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված. «Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանությանմեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն իրենց ողջ դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը եղել է դա:
Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,-ընդգծեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ կա մի մոլորություն կա, որ շրջանառվում է. խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին է:
«Ես ուզում եմ ասել, որ այս ողջ ընթացքում շատ բարձր եմ գնահատում մեր երկրների համագործակցությունը եւ փոխգործակցությունը: Մենք զգում են ՌԴ-ի աջակցությունը որպես ՀՀ եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ: Մենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով եւ արդյունավետ կերպով փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս վիճակից լուծում գտնելու համար: Սա այն փաստի հաշվառումով, որ ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ նաեւ ՀՀ ռազմավարական գործընկերը: Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը, եւ համոզված եմ, որ սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում չեմ կասկածում ընդհանրապես»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում մեր անելիքը։
«Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից՝ ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին։ Այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ։ Այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չի, դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկենք, որովհետև դեռ 90-ականների մեր ազատամարտի հերոսները, մեր ամբողջ կոնկտեքստ այդպիսին է, որ մենք Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին, որովհետև մենք ասել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան»,– ասաց նա։։
Վարչապետը շեշտեց, որ սա առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել եւ կռվել՝ հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի. «Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին։ Այս համատեքստում, կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի եւ իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»։
Փաշինյանն ասաց, որ այս կոչն ուղղում է նաեւ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին. «Որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Այդ ջոկատները պետք է գրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ եւ ձեւավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում եւ իրականացնեն այն խնդիրը, ինչ-որ կդրի նրանց առջեւ՝ հրամանատարության կողմից»։