Հայաստանի նախագահ. Ռուսաստանն արդեն իսկ անչափ շատ բան է անում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Ռուսաստանն արդեն իսկ անչափ շատ բան է անում (ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու համար), որովհետու այս բոլոր տարիներին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասը՝ համանախագահներից մեկը, ընդ որում՝ ակտիվ համանախագահ: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այն փաստը, որ ավելի կամ պակաս 26 տարի մեծ պատերազմ չէր եղել, նաեւ Ռուսաստանի Դաշնության վաստակն է: Մարդիկ 26 տարի շարունակ խաղաղ կառուցում էին իրենց կյանքը եւ երազում, որ ամեն ինչ լուծվելու է բանակցությունների ճանապարհով, որ կգա օրը, երբ կողմերը կպայմանավորվեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ, եւ կսկսվի երկու կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քանի որ բանակցությունները պարզապես գործընթաց չեն, որոնք ուղղված են ինչ-որ ընդհանուր լուծում գտնելուն: Բուն գործընթացն անչափ կարեւոր է. սա վստահության ձեւավորմանը տանող ճանապարհն է:
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը որոնելիս խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա:
Եթե անգամ Ադրբեջանին հաջողվի, ենթադրենք, պատերազմի ինչ-որ հատվածում շահել կամ տարածքներ գրավել, միեւնույն է՝ դրանով չի ավարտվի: Կշարունակվի մտքերի պատերազմը, պատմությունների պատերազմը, մարդկային հույզերի պատերազմը: Հայաստանում մարդիկ կհամարեն, որ սա եւս մեկ ցեղասպանություն է: Պատերազմը չի ավարտվի: Այնպես որ, միայն մեկ ճանապարհ կա, երբ բոլոր կողմերը պայմանավորվում են, թե ինչպես են ապրելու հետո»,- կարծում է նա: