Իսրայելն ու Բահրեյնը դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր կստորագրեն
Իսրայելն ու Բահրեյնը հոկտեմբերի 18-ին Մանամայում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր, ինչպես նաեւ մի շարք համաձայնագրեր կստորագրեն, որոնք կնպաստեն երկկողմ կապերի զարգացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պատմական այցն այսօր է: Այսօր Իսրայելի բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների պատվիրակությունը կմեկնի Մանամա համաձայնագրերի ստորագրման համար, որոնք կնպաստեն երկկող հարաբերությունների զարգացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյիր Բեն-Շաբբաթի ղեկավարությամբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ ամերիկացի ներկայացուցիչների ուղեկցությամբ ժամանել է Բահրեյն պատմական առաջին ավիաչվերթով:
Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այդ երկու արաբական երկրների հետ հաշտեցումն անվանել է «պատմության մեջ շրջադարձային պահ», որը կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբաիսրայելական հակամարտությանը: Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) հաստատել է ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագիրը հոկտեմբերի 15-ին հատուկ սեսիայի ժամանակ, այժմ փաստաթուղթը պետք է վավերացնի Իսրայելի կառավարությունը:
Խաղաղության կնքումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ: