Լեոնիդ Սլուցկի. Էրդողանի հայտարարությունները չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիային
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեէսկալացիային: ՏԱՍՍ-ին այսպիսի կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը եւ իրավիճակի դեէսկալացիային: Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները չեն սատարում կողմերից որեւէ մեկին եւ կողմ են արյունահեղության դադրեցմանը»,- ընդգծել է նա:
Հանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները հանդես էին եկել «հրադադար կոչով հատուկ հայտարարությամբ, հետագայում Մոսկվայում բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների (Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի) միջեւ, որտեղ հրադադարի մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել»: «Պետք է ձգտել դրանց իրականացմանը»,- ընդգծել է Սլուցկին: «Այսօր բոլորը պետք է շարունակեն քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, չընկնեն ագրեսիվ հռետորաբանության եւ փոխադարձ մեղադրանքների մեջ»,- եզրափակել է նա:
Ըստ Էրդողանի պնդումների՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան «սպառազինության տեսքով ամեն տեսակի աջակցություն են տրամադրում Հայաստանին»: