Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը մեղադրվում է կարանտինի խախտման մեջ. նա հերքում է իր մեղքը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը մեղադրվում է ԱՄՆ-ից տուն վերադառնալուց հետո 14-օրյա կարանտինի խախտման մեջ, բայց նա հերքում է իր մեղքը:
Բրիտանիայի նախկին վարչապետին լուսանկարել են, երբ նա դուրս էր գալիս լոնդոնյան ռեստորանից` սեպտեմբերի վերջին Վաշինգտոնից տուն վերադառնալուց մոտ 10 օր անց, հայտնում է Sunday Telegraph-ը:
Պարբերականը նշում է, որ Բլերը դիմել է Ուայթհոլի ներկայացուցիչներին` խնդրելով չեղարկել կարանտինն իր համար, սակայն պաշտոնական թույլտվություն չի ստացել, որը նրան թույլ կտար խուսափել երկշաբաթյա կարանտինից, նշում է թերթը:
Սակայն Բլերի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը հետեւել է միջազգային համաժողովներ անցկացնելու ցուցումներին, եւ որ ԱՄՆ պաշտոնատար անձինք նրան հրավիրել են մասնակցելու Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրի կնքման միջոցառմանը Սպիտակ տանը:
Թոնի Բլերի խոսնակը նշել է, որ երկրի իշխանությունները չեն մերժել ուղեւորությունից հետո կարանտինում չգտնվելու մասին խնդրանքը:
«Մենք կարծում ենք, որ նա հետեւել է Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ կառավարությունների բոլոր ցուցումներին»,- ասել է նա:
Բացի այդ, նախկին վարչապետի ներկայացուցիչները նշել են, որ նրա ուղեւորությունը երկու օր է տեւել, եւ նա բազմիցս կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Միացյալ Թագավորության շահերը ներկայացնող պաշտոնյաներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների համա ուղեւորությունից տուն վերադառնալուց հետո բացառություն կարվի կարանտինի տեսանկյունից: