Լիբանանի քրիստոնեական կուսակցությունները հայտարարել են, որ չեն սատարի վարչապետի պաշտոնում Հարիրիի թեկնածությունը
Լիբանանի խոշորագույն քրիստոնեական քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ չեն սատարի երկրի վարչապետի պաշտոնում Սաադ ալ-Հարիրիի թեկնածությունը, հաղորդում է Reuters-ը:
Հարիրին, ով անցյալ տարվա հոկտեմբերին բողոքի ցույցերի հետեւանքով լքել էր Լիբանանում կառավարության ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ պատրաստ է դառնալ վարչապետ, որպեսզի Ֆրանսիայի կողմից առաջարկած բարեփոխումները ներդնի՝ որպես անհրաժեշտ միջազգային օգնության ապաշրջափակման միջոց:
Սակայն Հարիրին, ով երկրի ամենահայտնի մահմեդական քաղաքական գործիչն է, չի կարողացել ապահովել երկու հիմնական քրիստոնեական կուսակցությունների՝ «Ազատ հայրենասիրական շարժման» եւ «Լիբանանյան ուժեր»-ի աջակցությունը:
Վարչապետի նշանակման վերաբերյալ խորհրդարանական խորհրդակցությունները պետք է տեղի ունենային հինգշաբթի օրը, բայց նախագահ Միշել Աունը հետաձգել է քննարկումները` մի շարք խորհրդարանական բլոկներից հայցեր ստանալուց հետո:
«Ազատ հայրենասիրական շարժումը», որը գլխավորում է Աունի փեսա Գեբրան Բասիլը, հայտարարել է, որ չի կարող սատարել Հարիրիի նման քաղաքական գործչին, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ձեւավորել բարեփոխումների կառավարություն, որը կազմված կլինի մասնագետներից: