SADS-CoV կորոնավիրուսը, որը խոզերի մոտ փորլուծություն է առաջացնում, կարող է վտանգավոր լինել նաեւ մարդկանց համար. գիտնականներ
Այսօր քիչ հայտնի SADS-CoV կորոնավիրուսը, որը խոզերի մոտ փորլուծություն է առաջացնում, կարող է վտանգավոր լինել նաեւ մարդկանց համար՝ զգուշացնում են Հյուսիսային Կառոլինայի գիտնականները: Վերջիններս լաբորատոր փորձարկումներ են անցկացրել՝ վարակելով խոզի կորոնավիրուսի սինթետիկ ձեւով մարդու բջիջների տարբեր տեսակներ:
Արդյունքները, որոնք հրապարակվել են PNAS ամսագրում, գիտնականներին ստիպել են մտահոգվել: Պարզվել է, որ SADS-CoV-ն արդյունավետորեն բազմանում է մարդու լյարդի, թոքերի եւ աղիների բջիջներում: Հատկապես հաջողությամբ խոզի կորոնավիրուսը խոցում է աղիների բջիջները՝ ի տարբերություն SARS-CoV-2-ի, որը սովորաբար խոցում է շնչուղիները:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ռեմդեսիվիր հակավիրուսային միջոցն օգնել է ճնշել SADS-CoV-ի բազմացումը:
Այդ վիրուսի մասին առաջին անգամ խոսել են 2016 թվականին, երբ Չինաստանում խոզերի գլխաքանակ էր վարակվել: Այդ շտամմը փոխանցվել էր խոզերին չղջիկներից:
Այդ վիրուսը եւ SARS-CoV-2 կորոնավիրուսը նույն ընտանիքին են պատկանում: Հետաքրքիր է, որ երկուսի աղբյուրներ են դարձել չղջիկները: