Նիկոլա Ստերջեն. ԵՄ-ն պետք է աջակցի Շոտլանդիայի անկախության ձգտմանը
Եվրամիությունը պետք է աջակցի Շոտլանդիայի անկախության ձգտմանը: Այսպիսի կարծիք է Die Welt-ի սյունակում հայտնել Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը:
«Այն փաստը, որ բրիտանական կառավարությունը, ըստ երեւույթին, որոշել է առաջ մղել ԵՄ-ից (վերջնական) դուրս գալը առանց (առեւտրային) համաձայնագրի, սովորական ժամանակներում անխոհեմ կթվար, համաշխարհային համավարակի պայմաններում դա միանգամայն անպատասխանատու է»,- կարծում է քաղաքական գործիչը, հաղորդում է DW-ն:
Ստերջենի խոսքով՝ ԵՄ միասնական շուկայից դուրս գալը Շոտլանդիային սպառնում է աշխատատեղերի, ներդրումների կորստով եւ կյանքի ցածր մակարդակով:
Միեւնույն ժամանակ Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարը հիշեցրել է, որ Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ երկօրյա գագաթաժողովի համար:
Ավելի վաղ սպասվում էր, որ հոկտեմբերյան հանդիպմանը կհաստատվի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ նոր հարաբերությունների մասին համաձայնագիրը՝ եվրոպական համայնքից Լոնդոնի դուրս գալուց հետո, որը վերջապես պետք է ուժի մեջ մտնի անցումային շրջանի ավարտին` 2021 թվականի հունվարի 1-ին: Նիկոլա Ստերջենը հավելել է, որ իր ղեկավարած կառավարությունը գագաթաժողովին ուղղակիորեն ներկայացված չի լինի, չնայած այն բանին, որ այնտեղ հայտարարված հարցերն ուղղակիորեն վերաբերում են Շոտլանդիային: