Ճարպակալումը 9 անգամ մեծացնում է կորոնավիրուսից մահվան վտանգը. հետազոտություն
Ճարպակալումը 9 անգամ մեծացնում է COVID-19 կորոնավիրուսի վարակից մահվան ռիսկը, ինչպես հաստատում է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Եվգենի Շլյախտը:
«Ճարպակալում ունեցող պացիենտների մոտ ծանր ընթացքի ռիսկը մեծացել է ավելի քան 7 անգամ, իսկ մահվան ելքի ռիսկը՝ գրեթե 9 անգամ»,- ասել է նա:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», հիվանդության անբարենպաստ զարգացման կարող է հանգեցնել նաեւ օրգանիզմում վիտամին D-ի պակասը:
COVID-19-ից բարձր մահացության եւ ճարպակալման կապը հաստատել են նաեւ բազմաթիվ հետազոտություններ: Այսպես, օրինակ, Annals of Internal Medicine-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչեւ 60 տարեկան տղամարդիկ, ովքեր ճարպակալում ունեն, ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ եւ ավելի ենթակա են մահվան COVID-19-ից:
Lancet-ում հրապարակված մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը կորոնավիրուսի վարակի դեպքում բարդությունների զարգացման իսկապես լուրջ գործոն է, նույնիսկ երիտասարդների մոտ: