Սինգապուրում գրանցել են դենգե տենդից պատմության մեջ ամենաբարձր մահացությունը
Սինգապուրում գրանցվել է դենգե տենդից պատմության մեջ մահացության ամենաբարձր մակարդակը։ The Straits Times պարբերականն այսօր հայտնել է, որ տարեսկզբից այստեղ մահացել է 28 մարդ, ինչը համադրելի է կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով մահվան ելքերի քանակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սինգապուրում դենգեից մահվան դեպքերի թվով նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2005 թվականին, երբ 12 ամսում մահացել էր 25 բնակիչ։ Դրանից բացի, այս տարի այս քաղաք պետության մեջ հայտնաբերվել է արեւադարձային տենդով հիվանդանալու ամենամեծ թիվը՝ 31 հազարից ավելի դեպք, նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2013 թվականին՝ 22,1 հազարից ավելի հիվանդացած։
Երկրի կայուն զարգացման եւ շրջակա միջավայրի պետնախարար Դեսմոնդ Լին հայտնել է, որ «հիվանդացության պիկը եղել է հուլիսին, երբ ամեն շաբաթ գրանցվում էր 1,7 հազար դեպքից ոչ պակաս»։ Նրա խոսքով՝ «հիմա այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով շաբաթական միջինը մինչեւ 500 դեպքի»։
Դենգեն վիրուսային ինֆեկցիա է, որը գերակշռում է արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում։ Դրա ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, ցան, գլխացավեր եւ գոտկատեղի ցավեր։ Գիտնականները երկար ժամանակ աշխատում էին դենգեի դեմ պատվաստանյութ ստեղծելու վրա, 2017 թվականի սկզբին Sanofi դեղագործական ընկերությունը բազմաթիվ կլինիկական փորձարկումներից հետո սկսել էր դեղամիջոցի իրացումը։ Դրա առավել լայնածավալ օգտագործումը սկսվել է Ֆիլիպիններում, որտեղ պատվաստվել էր նաեւ մոտ 830 հազար աշակերտ։ Որոշ ժամանակ անց 14 երեխա մահացել էր, մահվան հիմնական պատճառ էր նշվել պատվաստանյութը։ Հետագայում արտադրողը խոստովանել էր, որ անգամ պատվաստումից հետո մարդը կարող է հիվանդանալ դենգե տենդի այլ տեսակով։ Եվ այդ դեպքում հիվանդությունը ձեռք է բերում չափազանց ծանր, իսկ երբեմն մահացու ձեւեր։ Դրանից հետո դեղամիջոցի օգտագործումը դադարեցվել էր։