Պոմպեոն Սաուդյան Արաբիային կոչ է արել ճանաչել Իսրայելը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիային կոչ է արել ճանաչել Իսրայելը, ինչը հրեա պետության համար հզոր խթան կհանդիսանա Պարսից ծոցի մյուս երկու արաբական թագավորություններում իրավիճակի կարգավորման պայմաններում:
Բահրեյնը, որը սերտորեն համակարգում է իր արտաքին քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի հետ, եւ Արաբական Միացյալ Էմիրությունները սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը ստորագրել են Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու, այսպես կոչված, «Աբրահամյան համաձայնագրերը»:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հանդիպմանը Պոմպեոն ասել էր, որ համաձայնագիրը «մեծապես նպաստել է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»: «Դրանք արտացոլում են տարածաշրջանում փոփոխվող դինամիկան, որում երկրները ճիշտ են ընդունում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը` իրանական ազդեցությանը հակազդելու եւ բարեկեցություն ապահովելու համար»,- ասել է Պոմպեոն:
«Հուսով ենք, որ Սաուդյան Արաբիան նույնպես կդիտարկի իր հարաբերությունների կարգավորման հարցը: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց այն օգնության համար, որ մինչ այժմ ցուցաբերել են «Աբրահամի համաձայնագրի» հաջողության գործում»:
Դոնալդ Թրամփը նախորդ ամիս ասել էր, թե ինքը նույնպես ակնկալում է, որ Սաուդյան Արաբիան կճանաչի Իսրայելը «ճիշտ ժամանակին»:
Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները «աջակցում է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի հուսալի ծրագրին»՝ հայտարարելով, որ այդ ջանքերն օգնում են «պաշտպանել քաղաքացիներին եւ սատարել Ամերիկայում աշխատատեղերին»:
Պոմպեոն հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ը 10.5 հա տարածք է ձեռք բերել Ռիադում ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցելու համար: