Կիպրոսը չեղարկում է ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիրը
Կիպրոսը չեղարկում է ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիրը։ Երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կիրիակոս Կուշոսի խոսքով, որը հանդես է եկել կառավարության արտահերթ նիստից հետո, իշխանությունները որոշել են ներդրումների դիմաց քաղաքացիություն ծրագիրը իր ներկայիս ձեւով կասեցնել նոյեմբերի 1-ից, փոխանցում է Kathimerini-ն։
Կուշոսն ասել է, որ այս որոշումը հիմնված է երկրի ՆԳ նախարար Նիկոս Նուրիսի եւ ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդեսի առաջարկությունների վրա։ Նրա խոսքով՝ քաղաքացիություն ստանալու համար նոր սխեմայի ստեղծումը կքննարկվի ընթացիկ հետաքննության ավարտից հետո։
Հետաքննության արդյունքներից հետո իշխանությունները «համակողմանի կերպով» կուսումնասիրեն կղզում օտարերկրյա ներդրումների խրախուսման նոր քաղաքականությունը։
2019 թվականի նոյեմբերին Կիպրոսը հայտարարել էր, որ անվավեր է ճանաչում 26 օտարերկրացիների քաղաքացիությունը, որոնք իրենց անձնագրերը ստացել էին ներդրումների դիմաց։ Տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ խոսքը 9 ներդրողների եւ նրանց ընտանիքների 17 անդամների մասին է։ Նրանց թվում 9-ը ռուսաստանցիներ էին, 8-ը՝ կամբոջացիներ, 5-ը՝ չինացիներ, ինչպես նաեւ քենիացիներ, իրանցի եւ մալայզիացի։ Կուշոսն այս տարի հայտարարել էր, որ քաղաքացիությունից զրկվելու է 7 մարդ։
Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին։ Կիպրոսը սկզբում քաղաքացիություն էր տալիս 2 մլն եվրո ներդրումնից սկսած, այնուհետեւ ԵՄ քննադատությունից հետո նիշը բարձրացվեց մինչեւ 2,5 մլն։