ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտմամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտմամբ: Այս մասին ՄԱԿ-ի շտաբ բնակարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անցած հանգստյան օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից մշակված հրադադարի մասին համաձայնությունը: Կարող եմ հայտնել, որ այսօր հիասթափված ենք՝ տեղեկանալով, որ տարածաշրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է, եւ նման խախտումներն անընդունելի ենք համարում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ցանկացած գործողություն
եւ ցավում է զոհերի եւ վիրավորների համար: Գլխավոր քարտուղարը կողմերին կրկին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան իրենց պարտավորությունների մասին: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները մարդասիրական նկատառումներով եւ այլ պարտավորությունները, որոնց մասին հայտարարվել է Մոսկվայում: Մենք նաեւ կիսում ենք մտահոգությունը, որը հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը՝ կապված վնասի հետ, որը հասցվել է քաղաքացիական անձանց: Մենք պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած մարդասիրական օգնություն այդ առումով դիմում ստանալու դեպքում»,-ասել է նա: