Մարիա Զախարովան պատմել է Մոսկվայում ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասն պատմել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դրանք տեւել են գրեթե 11 ժամ եւ ավարտվել գիշերը մոտ ժամը 2-ին։ Ընդ որում՝ սկզբում հանդիպումը կրել է խորհրդակցական բնույթ, բայց ընթացքում հաջողվել է փաստաթուղթ մշակել, որը դարձել է հակամարտության կարգավորման ելման կետը։ Մասնակիցները մի քանի ընդմիջում են արել, որ պատվիրակությունները կարողանան զանգահարել Բաքու եւ Երեւան։ «Ժամը 3-ն անց դահլիճում լսվեց Սերգեյ Վիկտորովիչի ուրախ ձայնը։ Նա կողմերին եւս մեկ անգամ հարցրեց՝ արդյոք ամե՞ն ինչ է համաձայնեցված, եւ միայն դրանից հետո ուղեւորվեց լրագրողների մոտ»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ այդ խորհրդակցությունների ժամանակ իր համար նորովի է բացահայտել ռուսական դիվանագիտության ղեկավարին։
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այս ռաուդում նա իրեն ամբողջովին նվիրեց, իր ամբողջ ինտելեկտը, բանակցողի իր բոլոր ունակությունները, մարդկային որակները»,- փոխանցել է Զախարովան։
Դիվանագետը շեշտել է, որ այս գործընթացում զգալի դերակատարում ունի անձամբ Վլադիմիր Պուտինը։
«Երբ ճանապարհը, որով պետք անցնես, գցում է Ռուսաստանի նախագահը, դա այնպիսի ուժ է տալիս, որ այդ ճանապարհից հետ դառնալն անհնար է»,- նշել է նա։ Զախարովայի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ՌԴ նախագահի բազմաթիվ հեռախոսային բանակցությունները հակամարտության կարգավորման հիմքն են դրել։
«Սա, թող ինձ ներեն բոլորը, այս ճանապարհը ե՛ւ լուսավորել է, ե՛ւ սրբագործել է»,- կատակել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են կրակի դադարեցումը եւ գերիների ու զոհերի դիակների փոխանակման հարցը։ Հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին կեսօրից։