Ակնհայտ է, որ Արցախում թիրախային եւ դիտավորվյալ հարվածներ են հասցվել լրագրողներին. Արցախի ՄԻՊ
Ինձ համար խիստ դատապարտելի է ինչպես քաղաքացիական անձանց թիրախավորումը, այնպես էլ լրագրողների թիրախավորումը ադրբեջանական ԶՈՒ կողմից, որոշ դեպքերում ակնհայտ է, որ թիրախային եւ դիտավորվյալ հարվածներ են հասցվել լրագրողներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
ՄԻՊ-ը նշեց, որ այդ կարծիքին է այն պատճառով, քանի որ լրագրողները, ինչպես նաեւ նրանց մեքենան ունեցել են տարբերակիչ նշաններ։
«Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում լրագրողների խումբը, նաեւ այլ քաղաքացիական խմբեր թիրախային հարվածի տակ են եղել ադրբեջանական հրետանու կողմից. դա տեղի է ունեցել հենց Մարտունի քաղաքի կենտրոնում, ինչը շատ հեռու է ռազմական օբյեկտներից: Դրա հետեւանքով 4 քաղաքացիական անձ է սպանվել եւ վիրավորվել են քաղաքացիական անձինք, որոնց շրջանում նաեւ 4 լրագրող` 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ:
Հոկտեմբերի 2-ին լրագրողների խումբը միկրոավտոբուսով հետապնդման է ենթարկվել եւ թիրախավորվել է, բարեբախտաբար, որեւէ զոհ, վիրավոր չի արձանագրվել եւ հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում 3 Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ կրկին վիրավորվել են թիրախային հարվածների հետեւանքով, այդ ժամանակ թիրախավորվել է եկեղեցին»,- ասաց նա:
ՄԻՊ Արտակ Բեգլարյանը դատապարտեց այդ արարքը եւ որակեց պատերազմական հանցագործություն՝ ադրբեջանական իշխանությունների կողմից։
Բեգլարյանը շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է հետեւողական լինի՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատժելու հարցում:
«Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու պատճառներից մեկը վախ առաջացնելն է լրագրողների մոտ, որ լրագրողները չլուսաբանեն պատերազմական գործողությունները, իրենք իրենց ավելի ազատ զգան ռազմական գործողություններում»,- հավելեց նա: