Շուշիի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Մոսկվա
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: Նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները։
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:
Եկեղեցու հրթիռակոծությունից վիրավորված երեք ռուս լրագրողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախում լրագրողների թիրախավորումը միտված է Ադրբեջանի բանակի ռազմական հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն: