Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերը ամերիկացիների համար կապահովվեն 2021-ի մարտին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերը ամերիկացիների համար կապահովվեն 2021 թվականի մարտին։ «Մենք կանխատեսում ենք, որ 2021 թվականի մարտ-ապրիլին յուրաքանչյուր ամերիկացի կապահովվի պատվաստանյութով», հայտարարել է ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, փոխանցում է CNBC-ն։
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի Operation Warp Speed նախաձեռնության շրջանակում մինչեւ տարեվերջ արտադրվելու է COVID-19-ի դեմ մինչեւ 100 մլն դեղաչափ բնակչության խոցելի խմբերի համար։
Ներկայումս ԱՄՆ-ում արտադրում են բոլոր 6 թեկնածու պատվաստանյութերի դեղաչափեր, որոնք վայելում են Operation Warp Speed-ի աջակցությունը, այդ թվում՝ Moderna-ի, Pfizer-ի, AstraZeneca-ի եւ Johnson & Johnson-ի մշակածները, որոնք ներկայումս կլինիկական փորձարկումների վերջին փուլում են։
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) երեքշաբթի հրապարակել էր պատվաստանյութերի համար անվտանգության նոր ստանդարտները, որոնց համաձայն դեղեր արտադրողները նվազագույնը 2 ամիս պետք է հետեւեն փորձարկումների մասնակիցներին՝ բացառելու համար կողմնակի էֆեկտները։