Պատմության մեջ առաջին անգամ ԱՀԿ գլխավոր տնօրենը կին կլինի
Պատմության մեջ առաջին անգամ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը կին կլինի: Այդ մասին են վկայում երկու հիմնական հավակնորդների ազգանունները, որոնք ԱՀԿ մամուլի ծառայության կողմից հայտարարվել են հինգշաբթի, հոկտեմբերի 8-ին, հայտնում է DW-ն:
ԱՀԿ Գերագույն խորհրդի նախագահ, Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Դեւիդ Ուոքերը եւ նրա հետ աշխատող համակարգողները հայտնել են, որ երրերդ եզրափակիչ փուլ են դուրս գալիս Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան եւ Հարավային Կորեայի առեւտրի նախարար Յու Մյուն-Հին: Նրանցից մեկը կդառնա ԱՀԿ յոթերորդ գլխավոր տնօրենը եւ այս պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Ազեւեդային:
«Մեր նպատակը շարունակում է մնալ անդամների միջեւ կոնսենսուսի կառուցումը խրախուսելը եւ դյուրացնելը եւ երկու թեկնածուներից մեկի վերաբերյալ որոշում կայացնելն ու նշանակելը»,- բացատրել է Ուոքերը: Խորհրդատվությունների երրորդ փուլը կսկսվի հոկտեմբերի 19-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 27-ը: Նոր Զելանդիայի ներկայացուցիչը հավելել է, որ կազմակերպության նոր ղեկավարին պետք է հաստատի Գլխավոր խորհուրդը:
Իր 25-ամյակի տարում ԱՀԿ-ն բախվեց իր պատմության ամենալուրջ ճգնաժամին: Երկու տարի ԱՄՆ-ը արգելափակում է կազմակերպության մշտական վերաքննիչ մարմնում`ԱՀԿ արբիտրաժային դատարանում դատավորներ նշանակելու ընթացակարգը: Դատարանի աշխատանքը փաստացի արգելափակված է 2019-ի դեկտեմբերից: Որպես միջանկյալ միջոց, Եվրամիությունը կազմակերպության 15 այլ անդամների հետ համաձայնեցրել է վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմի ստեղծումը: