Արցախյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ կերպ չի կարող բանակցային կողմ լինել. Վիգեն Հովսեփյան
Արցախյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ կերպ չի կարող բանակցային կողմ լինել։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ամերիկահայ հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր, Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի անդամ Վիգեն Հովսեփյանը՝ անդրադառնալով կրակի դադարեցման հետ կապված Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանին։
«Թուրքիային բանակցային գործընթացում ներգրավելու խնդիրը նոր չէ, դեռ 1990–ական թվականներից այս հարցը ադրբեջանական կողմը փորձում է օրակարգ բերել։ Սակայն անտրամաբանական է, թե Թուրքիան որպես ի՞նչ պետք է մասնակից լինի այս գործընթացին։ Եթե բանակցային կողմ է, նշանակում է, նա նաև հակամարտող կողմ է, սակայն մինչ օրս Էրդողանը հայտարարում է, որ իրենք որևէ ձևով մասնակցություն չունեն այս պատերազմին, իսկ եթե միջնորդի կարգավիճակով են ուզում ներգրավել, ապա Թուրքիան իր ռազմատենչ և միակողմանի հայտարարություններով արդեն իսկ ապացուցել է, որ պատերազմող կողմ է»,–ասել է ամերիկահայ գործիչը։
Ըստ նրա՝ սա ավելի շատ մարտավարական քայլ է՝ բանակցություններին Արցախի իշխանությունների հնարավոր մասնակցությունը բացառող գործոն։
Հովսեփյանի խոսքով՝ թեև ներկայումս բանակցային գործընթացի մասին խոսելը վաղ է, իսկ Թուրքիայի հնարավոր ներգրավման հետ կապված օրակարգը կեղծ, պետք չէ խոսել դրա մասին, սակայն նման հարց առաջ քաշելու դեպքում, Հայաստանի իշխանությունները պետք է կտրականապես մերժեն այն։
Նրա խոսքով՝ միջազգային կառույցների կամ երկրների առաջնորդների կողմից կրակի դադարեցման կոչերն գնալով անհեթեթ են դառնում։ Ըստ նրա՝ կրակի դադարեցման հարցում գլխավոր դերակատարները Ռուսատանը, ԱՄՆ–ն և Թուրքիան են։
«Եթե ուզում են կրակը դադարեցվի, պետք է սանձեն Ադրբեջանին։ Կոչերը պետք է ուղղել բացառապես Ադրբեջանին և Թուրքիային»,–ասել է նա և հավելեց. «1990–ական թվականներից ի վեր Ադրբեջանը շարունակաբար տարբեր սադրանքներով, Արցախի նկատմամբ ոտնձգություններով, փոքր և մասշտաբային գրոհներով խաղաղության հասնելու հավանականությունը անհնարին է դարձրել։ Այս իրավիճակում կրակի դադարեցումը կախված է Ադրբեջանից և իր հովանավոր Թուրքիայից, քանի որ իրենք են սկսել պատերազմը»։
Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ պատերազմի շարունակականությունը չի բխում Ռուսաստանի շահերից՝ հաշվի առնելով նաև միջազգային ահաբեկիչների մուտքը տարածաշրջան։
«Եթե սկզբնական շրջանում Ռուսաստանը չփորձեց իր դերակատարությունն ընդգծել, հիմա արդեն, վստահաբար պետք է եկած լինի այն եզրահանգման, որ անմիջապես պետք է դադարեցնել պատերազմը»:
Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։