Նախագահի աշխատակազմն աշխատում է 7/24 ռեժիմով հայանպաստ ուղերձներն աշխարհին հասցնելու համար
Արմեն Սարգսյանը պատերազմական տասն օրերի ընթացքում հարցազրույցներ է տվել աշխարհի մի քանի լրատվամիջոցների, նա շեշտել է, որ հայերը կդադարեցնեն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ցանկացած փորձ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանն անդրադառնալով այս դիտարկմանը, նշել է, որ նախագահը հարցազրույցներ է տվել միլիոնանոց լսարան ունեցող հայտնի լրատվամիջոցների և նրա շեշտադրումները շատ են եղել, դրանցից մեկն է՝ թույլ չենք տա էթնիկ զտումներ իրականացնել:
«Մյուս ուղերձն է՝ թույլ չենք տա երկրորդ Ցեղասպանություն և կհորդորենք միջազգային հանրությանը՝ թույլ չտալ Թուրքիայի ներգրավվածության շարունակականությունը տարածաշրջանում, որը հղի է շատ մեծ հետևանքներով: Նախագահն ընդգծում է ՝չենք կարող Կովկասյան Սիրիա ունենալ, դա կարող է վտանգավոր լինել ոչ միայն տարածաշրջանի համար, այլ ամբողջ անվտանգային համակարգը կարող է քանդվել:
Նախագահ Սարգսյանն ուզում է միջազգային հանրությանն ասել, որ սա մեր կռիվն է, բայց այն կարող է դառնալ նաև այլոց խնդիրը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ ինչ-որ վայրագ ցեղ սպանելու միջոցով խնդիր լուծի»,- նշել է նախագահի օգնականը:
Գևորգ Մելիքյանի խոսքով՝ նախագահի աշխատակազմն աշխատում է 7/24 ռեժիմով հայանպաստ ուղերձներն աշխարհին հասցնելու համար. «Փորձում ենք Հայաստանի մասին ճիշտ տեղեկություններ տարածել բոլոր հնարավոր հարթակներով»:
Մանրամասն՝ տեսանյութում: