2020թ․ տնտեսական ճգնաժամը, հնարավոր է, լինի ոչ այնքան ծանր, որքան ի սկզբանե ենթադրում էր ԱՄՀ-ն
2020թ․ տնտեսական ճգնաժամը, հնարավոր է, լինի ոչ այնքան ծանր, որքան ի սկզբանե ենթադրում էր Արժույթի միջազգային հիմնադրամը, սակայն տնտեսությանը «դժվար վերելք» է սպասվում: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան:
Հունիսին ԱՄՀ-ն կանխատեսել էր համաշխարհային ՀՆԱ-ի 4.9% կրճատում այս տարի: Սակայն համաշխարհային տնտեսությունը երկրորդ եւ երրորդ եռամսյակներում, պարզվեց, ավելի լավ էր ԱՄՀ-ի սպասումներից: Ակնկալվում է, որ դա կհանգեցնի «դեպի բարձրացում նրա կանխատեսումների ոչ մեծ վերանայման», որը կներկայացվի հաջորդ շաբաթ:
«Այսօրվա պատկերը պակաս սարսափելի է: Ըստ մեր գնահատականների՝ իրադարձությունների զարգացումը երկրորդ եւ երրորդ եռամսյակներում մի փոքր ավելի լավ էր, քան սպասվում էր»,- ասել է Գեորգիեւան:
Նա բացատրել է, որ արդյունքները ավելի լավն են «արտակարգ միջոցառումների քաղաքականության» շնորհիվ: «Համաշխարհային տնտեսությունը վերադառնում է ճգնաժամի խորքից: Սակայն այս աղետը հեռու է ավարտից»,- ասել է Գեորգիեւան:
«Ռիսկերը շարունակում են բարձր մնալ, այդ թվում` սնանկության աճի եւ ֆինանսական շուկաներում գերագնահատումների հետեւանքով: Եվ շատ երկրներ ավելի խոցելի են դարձել: Նրանց պարտքի մակարդակն աճել է՝ պայմանավորված ճգնաժամին եւ արտադրության ու եկամուտների զգալի կորուստներին բյուջետային պատասխանով»,- ասել է նա:
ԱՄՀ-ն չի ակնկալում, որ համաշխարհային տնտեսությունը «միջնաժամկետ հեռանկարում» կվերադառնա նախաճգնաժամային մակարդակին: ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին եւ տարիներին ցանկացած տնտեսական արդյունք անխուսափելիորեն կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա համավարակը:
«Առջեւում ճանապարհը մշուշոտ է արտասովոր անորոշությունից: Պատվաստանյութերի եւ բուժումների նման միջոցառումների արագ առաջխաղացումը կարող է արագացնել «արթնացումը»: Սակայն իրավիճակը կարող է նաեւ վատթարանալ, հատկապես եթե լուրջ բռնկումների թիվը զգալիորեն ավելանա»,- հավելել է նա: