Փաշինյան. Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոնկրետ իրավիճակներում բազայի ներուժը պետք է օգտագործվի»,- ասել է նա ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով` լայնամասշտաբ պատերազմի այս փուլում ղարաբաղյան հակամարտության գոտում «ներուժի օգտագործման անհրաժեշտություն չի ձեւավորվել»: «Բայց իրավիճակն անկանխատեսելի է, եւ ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել հետագա զարգացումը»,- ասել է Փաշինյանը:
Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանը ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ ադրբեջանական եւ ռուսական կողմերի հետ եռակողմ հանդիպման անցկացումը հնարավոր չի համարում:
«Ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում այդքան էլ տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ եւ պայմաններ են անհրաժեշտ»,- շեշտել է վարչապետը: