ՄԱԿ ԱԽ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին երեքշաբթի տեղի ունեցած փակ խորհրդակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ ԱԽ անդամներն աջակցում են հակամարտության կողմերին հղած գլխավոր քարտուղարի կոչը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու եւ առանց հապաղելու բանակցություններին վերադառնալու մասին»,- ասել է նա։
ՄԱԿ ԱԽ փակ հանդիպումները նախատեսում են ԱԽ միայն 15 երկրների մասնակցությունը։ Աբարին չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Խորհուրդը հանդիպում կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կխոսենք երկու դեսպաննների հետ, որպեսզի նրանք փոխըմբռնման հանգեն»,- տեղեկացրել է Աբարին։ «Խորհրդի անդամները խորապես դատապարտել են ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկանց մահվան»,- հավելել է նա։