«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վատթարացման և ավելի ուշ «Նովիչոկ» խմբից նյարդապարալիտիկ նյութով թունավորման մասին վարկածների հետ կապված իրավիճակը կարող էր բեմադրություն լինել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Գերմանիայի գործողություններն այնքան սահուն էին, որ դա սկսել է բազմաթիվ հարցերի տեղիք տալ այն մասին, թե արդյո՞ք մենք գործ չունենք քիմիական զենքի միստիկ կիրառման վերաբերյալ հերթական բեմադրության հետ, բայց այս անգամ ոչ թե Սիրիայում և Մեծ Բրիտանիայում, այլ Ռուսաստանում»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նախարարությունում ընդգծել են, որ նման ենթադրությունների հիմքում ընկած են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Նավալնիին Գերմանիա բուժման տեղափոխելու օպերատիվ պատրաստակամությունը, նրա տեղափոխման ժամանակ Բունդեսվերի ներկայացուցիչների և ռազմական գերատեսչության մասնագիտացված ավտոտրանսպորտի ներկայությունը, ինչպես նաև բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներգրավումը: