Մինսկի կենտրոնում երեկ կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել. Իրավիճակը Բելառուսում Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո
Երեկ կեսգիշերին ականատեսները հաղորդել են Մինսկի կենտրոնում հնչած կրակոցների ձայների մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ենթադրվում է, որ կրակոցներն օդ են արձակվել՝ լուսաձայնային նռնակներով:
Մայրաքաղաքի Նեմիգա շրջանում երեկոյան ժամը 23:00-24:00 ընկած ժամանակահատվածում շարունակվել են բախումները ուժայինների և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքող ցուցարարների միջև:
Ինչպես հաղորդվում է, իրավապահ մարմինների լրացուցիչ ուժեր են կուտակվել այդ վայրում:
Հավելենք նաև, որ մի շարք երկրների՝ հիմնականում Եվրոպայի իշխանությունները հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել որպես Բելառուսի օրինական նախագահ: Այս մասին նրանք հայտարարել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցավ Լուկաշենկոյի երդմնակալության գաղտնի արարողությունը:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ չէ Լուկաշենկոյին նախագահ ճանաչել նույնիսկ իր երդմնակալությունից հետո:
Նման հայտարարություններով հանդես են եկել նաև Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Չեխիայի, Դանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Կանադայի, Նիդեռլանդների իշխանությունները: