Այսօր առավոտյան հանդիպել ենք վարչապետի հետ, անձամբ հրավիրել էր երկու հոգու. Կառավարության շենքի դիմաց նախօրեին հացադուլ սկսած քաղաքացի
Այսօր առավոտյան հանդիպել ենք վարչապետի հետ, անձամբ հրավիրել էր երկու հոգու, հանդիպեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք մեր պահանջը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտեց Կառավարության շենքի դիմաց հացադուլ սկսած քաղաքացիներից մեկը: Նշենք, որ նրանք պահանջում են բանակցել ՌԴ գործընկերների հետ, որպեսզի ՌԴ-ն բացի Հայաստանի հետ սահմանը։
«Վարչապետը մեզ ներկայացրեց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է հայաստանում: Ամեն դեպքում, վարչապետը հուսադրող պատասխան տվեց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգին, որ փողոցում են, գոնե իրենց հարցը լուծվի ինչ-որ տարբերակով: Չգիտենք, թե դա երբ կլինի այսօր, թե 5 օրից: Ամեն դեպքում մեր ակցիան շարունակվում է: Հիմա մեզ կմիանան մեր ընկերները, կլինի ակցիա, իսկ երեկոյան, բոլորը կգնան, մենք մեր 20 հոգով կշարունակենք մեր հացադուլը»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ նկատելով, որ վարչապետի խոսքը շատ ջերմ էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն երկու օր է՝ ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց, նրանք պահանջում են ցամաքային սահմանը հատելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է՝ նրանք բողոքի ակցիաներ էին անում, սակայն, ինչպես իրենք էին նշում, նրանց բողոքը լսող չկա։