Պակիստանում երկու տղամարդ մահապատժի են դատապարտվել կարի ֆաբրիկան հրկիզելու համար
Պակիստանում երկու տղամարդ մահապատժի են դատապարտվել 2012 թվականին կարի ֆաբրիկան հրկիզելու համար, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 260 մարդ:
Կարաչիի դատարանը Մուհամմեդ Զուբեյրին եւ Աբդուլ Ռեհմանին մեղավոր է ճանաչել հրկիզման մեջ՝ վճռելով, որ նրանք կանխամտածված հրկիզել են Ali Enterprises գործարանը այն բանից հետո, երբ սեփականատերը հրաժարվել է կաշառք տալ:
Երկուսն էլ եղել են երբեմնի հզոր «Մութահիդ Քաումիի շարժման» անդամներ, որը տասնամյակներ ղեկավարում էր Կարաչին: Կուսակցությունը հաճախ մեղադրվում էր հակառակորդներին սպանելու եւ շորթումներ կատարելու մեջ: