Երբ մեծ աջակցությամբ ընտրվածներին սկսում են մեղադրել ակնկալիքները չարդարացնելու համար, համոզիչ արդյունքներով չամրապնդված լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ. Բորիս Նավասարդյան
Երբ մեծ աջակցությամբ ընտրվածներին սկսում են մեղադրել ակնկալիքները չարդարացնելու համար, այդ պահից համոզիչ արդյունքներով չամրապնդված էլեկտորալ լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Լեգիտիմությունն իշխանության համար և՛ անգնահատելի առավելություն է, և՛՝ հսկայական պատասխանատվություն: Կեղծիքով ընտրված ղեկավարներին ի սկզբանե վրդովմունքով են ընդունում, չեն սիրում, բայց, եթե մեծ մեղքեր չեն գործում (ասենք, չեն փորձում լկտիաբար հավերժացնել իրենց իշխանությունը), հանդուրժում և ընդամենը հոգնած սպասում են՝ երբ են հեռանալու. մեկ է՝ մարդիկ առանձնապես հույսեր չունեին, որ հիասթափվեն:
Հանրային մեծ աջակցությամբ ընտրվածների դեպքում հակառակն է`նրանց, երկար սպասված երեխայի նման, որոշ ժամանակ սիրում, գուրգուրում են, ամեն ինչը ներում, նույնիսկ՝ երես են տալիս: Սակայն գալիս է պահը, երբ աջակիցները սկսում են խիստ պահանջներ ներկայացնել, իրենց ակնկալիքները չարդարացնելու համար մեղադրանքներ հնչեցնել: Եվ այս պահից համոզիչ, պրակտիկ արդյունքներով չամրապնդված էլեկտորալ լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան՝ անարդարորեն զբաղեցրած գահը:
Եվ որքան ուշ հասկացվի տվյալ օրինաչափությունը, այդքան՝ վատ...»,- գրել է Նավասարդյանը: