Հնդկաստանում պատմել են, թե երբ են սկսելու ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները
Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել է դեղագործական ծառայությունների գծով ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սափրան:
«Մենք ցանկանում ենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանի կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվություններն ստանալու դեպքում անցնել առաջին քայլին՝ կլինիկական փորձարկումներն սկսելուն»,-Reuters գործակալությանը հայտարարել է Սափրան:
Նա հավելել է, որ ռուսաստանյան պատվաստանյութի հնդկական փորձարկումներին կմասնակցի մինչեւ 2 հազար մարդ: Հետազոտությունները կանցկացվեն ամբողջ երկրի մի քանի պետական ու մասնավոր հիվանդանոցներում:
Սափրայի խոսքով՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի չափաբաժինները, որոնք մատակարարվելու են Հնդկաստան, ամենայն հավանականությամբ իրենցից ներկայացնելու են հնդկական և ռուսաստանյան արտադրության չափաբաժինների համակցություն:
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s ընկերությունը շուտով կորոշեն Հնդկաստանում պատվաստանյութի հնարավոր արտադրողներին: