Տիխանովսկայան ԵՄ-ի հետ համաձայնության է եկել Բելառուսին տրամադրվելիք ֆինանսական օգնության փաթեթի շուրջ
Ընդդիմության առաջնորդ և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրամիության հետ համաձայնեցրել է իշխանության փոխանցումից հետո հանրապետությանը տրամադրվելիք ֆինանսական աջակցության խոշոր փաթեթը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը:
«Սվետլանա Տիխանովսկայան պայմանավորվել է, որ ժողովրդավարական փոփոխություններից հետո Բելառուսին կտրամադրվի օգնության փաթեթ»,- ասել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն հայտարարել էր, որ Բելառուսի ներկայիս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնաթողությունից հետո ընդդիմությունն ակնկալում է Եվրամիությունից 4 միլիարդ դոլար ստանալ:
Սեպտեմբերի 22-ին Տիխանովսկայան ավարտել է իր այցը Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելին, Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին և ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ:
Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան օգոստոսի 14-ին հայտարարեց հանրապետությունում ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման մասին: Խորհուրդը մտադիր է նպաստել երկրում իշխանության փոխանցմանը և բանակցություններ է վարում գործող առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների հետ: