Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնել է ավելի քան 5 միլիոն դոլար վճարել ԱՄՆ կառավարությանը՝ իր գրքի վաճառքից և ելույթներից ստացված հասույթից:
Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սնոուդենի դեմ դատական հայց էր ներկայացրել, կապված իր՝ «Անձնական գործ» գրքի հրապարակման հետ՝ չհրապարակման մասին պարտավորությունները խախտելու համար: Վիրջինիա նահանգի դատարանը որոշում կայացրեց, որ կառավարությունն իրավունք ունի ստանալու գրքի վաճառքից ստացված հասույթը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչ օրս Սնոուդենը գրքի վաճառքից 4,2 միլիոն դոլար է վաստակել, բացի այդ հաղորդվում է, որ նա 56 անգամ վճարովի ելույթ է ունեցել՝ դրանցից վաստակելով 1,03 միլիոն դոլար:
Սնոուդենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմանավորվել են, որ գումարը մուտք կգործի տրաստային հաշվին, հայտնում է հեռուստաալիքը:
Միևնույն ժամանակ, Սնոուդենի փաստաբան Լոուրենս Լաստբերգը հայտարարել է, որ համաձայնագիրը չի նշանակում, թե ԱՄՆ իշխանությունները կկարողանան անմիջապես ստանալ այդ գումարը, քանի որ Սնոուդենը մտադիր է վիճարկել չհրապարակելու պարտավորությունների վերաբերյալ դատարանի որոշումը: