ՄԱԿ-ի ԳԽ. չեմ կարող որևէ գործողություն ձեռնարկել՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարության հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ որեւէ գործողություն չի կարող ձեռնարկել՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ հայտարարության հետ, հաղորդում է Reuters-ը:
«Որոշակի անորոշություն է առաջացել՝ կապված այն բանի հետ, թե արդյոք իրական է այդ պրոցեսը…»,-ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Գուտերիշի նամակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները:
Ավելի վաղ «Եվրաեռյակը»՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, մերժել են Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի առաջարկը՝ այն անօրինական համարելով:
Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ամրագրված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւում, որը վավերացրել է 2015 թվականին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Ըստ այդ կետի՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում դրա մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել տուգանքային միջոցառումների վերականգնում, իսկ մյուս կողմերը չեն կարող այս պահանջի վրա վետո դնել։
Միացյալ Նահանգները, սակայն, դեռեւս 2018 թվականին հայտարարել էր իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու մասին։ Սրանով պայմանավորված՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ մյուսները կարծում են, որ ԱՄՆ-ն այլեւս գործարքի մասնակից չէ եւ Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնում պահանջելու իրավական հնարավորություն չունի։ Սպիտակ տանը, հակառակը, համոզված են, որ Վաշինգոնը պաշտոնապես այդ մեխանիզմից օգտվելու իրավունք ունի, քանի որ մասնակցել է բանաձեւի ստորագրմանը։
Ավելի վաղ մայիսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՆԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք կապ են ունեցել իրանական իրավապահ մարմինների հետ: