Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցի էր դուրս եկել՝ դժգոհելով դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջին, հաղորդում է ТАСС-ը:
Մասնակիցները, որոնց մեծ մասը երեխաների հետ են եկել, դիմակ չեն կրել ու չեն պահպանել սոցիալական հեռավորություն՝ վանկարկելով «Ազատությու՛ն», «Մենք ձեզ չենք հավատում», «Կորչի՛ բռնապետությունը» կարգախոսները:
Նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Կլկուժե-Նապոկե, Տիմիշոարե, Օրադե քաղաքներում:
Ռումինիայի վարչապետ Լուդովիկ Օրբանն էլ, ի պատասխան դժգոհությունների, հայտարարել է, որ աշակերտները դիմակներ պետք է կրեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար, իսկ որոշ ծնողների դժգոհությունից տպավորություն է ստանում, թե նրանք «չեն սիրում իրենց երեխաներին»:
Ներկայումս Ռումինիայում հանրային հավաքների մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 100-ը, իսկ դիմակ չկրող և սոցիալական հեռավորություն չպահող մասնակիցները կտուգանվեն 10-520 եվրոյի չափով: