Լուսինը յուրացնելու նախագծին մասնակցելու համար Ճապոնիան մոտ 770 միլիոն դոլար կհատկացնի
Հաջորդ ֆինանսական տարում (2021թ. ապրիլ - 2022թ. մարտ) Ճապոնիան մոտ 80 միլիարդ իեն (770 միլիոն դոլար) կհատկացնի ԱՄՆ-ի կողմից առաջարկված Լուսնի յուրացման նախագծին մասնակցելու համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է NHK հեռուստաալիքը:
Այս միջոցների մեծ մասը կծախսվի նոր անօդաչու բեռնատար տիեզերանավի մշակման վրա, որը կփոխարինի ներկայիս «Կոնոտորի2»-ին («Արագիլ»), որն 2009 թվականից օգտագործվում է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) բեռներ հասցնելու համար: Ակնկալվում է, որ նոր տիեզերանավը կկարողանա մասնակցել Gateway մերձլուսնային կայանի մատակարարմանը:
Ճապոնիայի տիեզերական հետախուզության գործակալության (JAXA) ընդհանուր բյուջեն 2021 ֆինանսական տարվա համար կկազմի 280 միլիարդ իեն (2,6 միլիարդ դոլար), ինչը ռեկորդային կլինի գործակալության ողջ գոյության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
2019-ին Ճապոնիան հայտարարել է NASA-ի լուսնային ծրագրին միանալու որոշման մասին: Հուլիսի 10-ին Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիայի նախարարությունը եւ NASA-ն Երկրի բնական արբանյակի հետազոտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Խոսքը անհրաժեշտ հետազոտական սարքավորումներ մատակարարելու, Լուսնի մակերեւույթի վերաբերյալ տվյալների փոխանակման, համատեղ լուսնագնաց ստեղծելու, ինչպես նաեւ ճապոնացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու հավանականության շուրջ համագործակցության մասին է:
NASA-ն 2019-ի գարնանը հայտնել է, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրը ստացել է Artemis անվանումը: Այն բաղկացած կլինի երեք փուլից՝ առաջինը (Artemis 1) նախատեսում է Լուսնի շուրջ Space Launch System ծանր հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչքը եւ դրա վերադարձը Երկիր: Այս փուլը նախատեսված է 2020-ի երկրորդ կեսին: Երկրորդ փուլը (Artemis 2) Երկրի բնական արբանյակի թռիչքն է՝ անձնակազմով, այն նախատեսված է 2022 թվականին: Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն ակնկալում է, որ տիեզերագնացները 2024 թվականին վայրէջք կկատարեն Լուսնի վրա: