Կալիֆոռնիայից իրավաբանին ցմահ ազատազրկման են դատապարտել նավով շրջագայության ժամանակ նախկին կնոջը սպանելու մեղադրանքով
Հարավային Կալիֆոռնիայից նախկին իրավաբանին նավով շրջագայության ժամանակ նախկին կնոջը սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկման են դատապարտել՝ առանց վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի, հայտնում է Associated Press.
Ըստ դատարանի եզրակացության՝ Կոկոնեցը իր նախկին կնոջը սպանել է եւ մարմինը զբոսանավից նետել Միջերկրական ծովը։
62-ամյա Լոնի Լորեն Կոկոնեցը հունիսին մեղադրվել էր առաջին աստիճանի սպանության կատարման մեջ՝ ֆինանսական օգուտ ստանալու նպատակով։
Դատախազությունը կարծում է, որ տղամարդն իր նախկին կնոջը՝ Միկի Կանեսակիին սպանել է, որ ստանա նրա 1 մլն դոլար չափով ժառանգությունը, որ ստացվել էր Հարավային Կալիֆոռնիայում նրանց տան վաճառքից։
Արդարադատության մարմինները հայտնում են, որ սպանությունը հրաշքով է բացահայտվել։ Այն պատճառով, որ կինը սպանվել էր նավից ծովը նետելուց առաջ, նրա թոքերը լցված էին օդով, այլ ոչ թե ջրով, եւ մարմինը դուրս է լողացել ջրի մակերեւույթ։
Հենց դիակի հայտնաբերումն է թույլ տվել գտնել մարդասպանին։
Նշվում է, որ զույգը ամուսնալուծված էր, ինքը՝ Կոկոնեցը նորից էր ամուսնացել եւ բաժանվել, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ ցանկանում է միանալ առաջին կնոջ հետ, եւ Միջերկրական ծովով շրջագայության տոմսեր էր գնել, որի ժամանակ էլ կնոջը սպանել էր։