Duty Free-ի հիմնադիրը ամբողջ փողը բարեգործությանն է նվիրաբերել
Duty Free-ի հիմնադիր Չակ Ֆինին բազմամիլիարդանոց կարողությունը ծախսել է բարեգործության համար, հայտնում է Forbes-ը։
Ֆինիի խոսքով՝ ինքը 2 մլն պահել է իր եւ կնոջ համար, որ թոշակով հարմարավետ ապրեն, իսկ մնացյալ ամբողջը նվիրատվությանն է հատկացրել։ Բիզնեսմենը 40 տարում բարեգործական տարբեր հիմնադրամների 8 մլրդ դոլար է փոխանցել։
«Մենք շատ բան ենք սովորել։ Հետ նայելով՝ ես հասկանում եմ, որ կարելի էր որոշ բաներ այլ կերպ անել, բայց, միեւնույն է, ես անչափ գոհ եմ։ Ես ուրախ եմ, որ կարողացա այս նպատակին հասնել, քանի դեռ ողջ եմ»,- ասել է բարեգործը։
Հատկանշական է, որ Ֆինին նախընտրում է ճգնավորական կենսակերպը։ Forbes-ը հայտնում է, որ նա բնակվում է Սան Ֆրանցիսկոյում համեստ բնակարանում, որը հիշեցնում է ուսանողական հանրակացարանի սենյակ։