Առևտրի դաշնային հանձնաժողովը հակամենաշնորհային հայց է նախապատրաստում Facebook-ի դեմ
ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովը (FTC) դատական հայց է նախապատրաստում Facebook-ի դեմ` հակամենաշնորհային օրենքները խախտելու մեղադրանքով, հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր սեփական աղբյուրները:
Դրանց տվյալներով` FTC-ն ավելի քան մեկ տարի ստուգել է կասկածներն առ այն, որ Facebook-ը չարաշահում է իր դիրքերը` մրցակցությունը սահմանափակելու համար: Հանձնաժողովի աշխատակիցները եղած տեղեկատվությունը բավականին ծանրակշիռ են համարել` ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգից վկայությունը վերցնելու համար: Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում այլ ֆիրմաների, ստարտափերի եւ պլատֆորմների ձեռքբերման գործարքները, ինչպես նաեւ` գովազդատուների հետ համաձայնագրերի նրբությունները, նշվում է հրապարակման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես պարզաբանում են հրապարակման աղբյուրները` հայցի նախապատրաստման փաստը չի նշանակում, որ այն կներկայացվի դատարանի հետագա քննարկմանը: Այս որոշումն ընդունվում է FTC-ի հինգ անդամների քվեարկությամբ, որոնցից երեքը հանրապետական են, իսկ երկուսը` դեմոկրատ:
Հուլիսի վերջին Պալատի դատական հանձնաժողովի հակամենաշնորհային քաղաքականության ենթահանձնաժողովը լսումներ էր անցկացրել Amazon-ի, Facebook-ի, Apple-ի եւ Google-ի աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ նշված ենթահանձնաժողովի նախագահ Դեյվիդ Սիսիլինիի` այդ ընկերությունների ղեկավարները, պատասխանելով կոնգրեսականների հարցերին, խոստովանել են, որ գործողություններ են թույլ տալիս, որոնք ենթահանձնաժողովի անդամների մոտ մտահոգություն են առաջացնում:
2019-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են լայնածավալ հետաքննություն սկսել այս չորս ընկերությունների նկատմամբ` դրանց կողմից հակամենաշնորհային օրենքների հնարավոր խախտումների ստուգման համար: Ըստ Reuters-ի տվյալների` վարույթում լիազորությունները բաժանված են ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի, որը զբաղվում է Amazon-ով եւ Facebook-ով, եւ արդարադատության նախարարության միջեւ, որը զբաղվում է Apple-ով եւ Google-ով: Միեւնույն ժամանակ, սեփական հետաքննության մեկնարկի մասին հայտարարել էին նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները: