Գիտնականները գենետիկորեն խմբագրված կենդանիներ են ստեղծել
Գիտնականները ստեղծել են գենետիկորեն խմբագրված կենդանիներ, որոնք, ըստ նրանց, կարող են ծառայել որպես «սուպերհայրեր» կամ «փոխնակ հայրեր», հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:
Խոզերը, այծերը, խոշոր եղջերավոր անասունները եւ մկները արտադրում են սերմնահեղուկ, որը կրում է դոնոր կենդանիների գենետիկական նյութը: Հետազոտողները գենի խմբագրման համար օգտագործել են բարձր տեխնոլոգիական գործիք՝ կենդանիների սաղմերում արական պտղաբերության գենը անջատելու համար: Արդյունքում կենդանիներն անպտուղ են ծնվել, բայց դոնոր կենդանիներից սերմ արտադրող բջիջներ ներարկելուց հետո սկսել են սերմնաբջիջներ արտադրել:
Գիտնականները բացատրում են, որ այս տեխնիկան թույլ կտա փոխնակ արուներին սերունդ տալ, որոնք կկրեն արժեքավոր էլիտար կենդանիների գենետիկական նյութեր, ինչպիսիք են մրցանակային ցլերը:
Նրանք հավելել են, որ սա քայլ կլինի սննդամթերքի արտադրությունը բարելավելու ուղղությամբ:
Վաշինգտոնի նահանգի պետական համալսարանի անասնաբուժական քոլեջի պրոֆեսոր Ջոն Օթլին ասել է, որ նոր հայտնագործությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում սննդի անվտանգության համար պայքարում:
Գիտնականների կողմից արդեն հաստատվել է, որ փոխնակ արտադրողներն ունեն ակտիվ դոնորային սերմնահեղուկ: Իսկ փորձարկվող մկները սերմի դոնորի գեները կրող առողջ սերունդ են տվել: Ավելի մեծ կենդանիներ դեռ նոր եղանակով չեն բուծվել: Բայց Էդինբուրգի համալսարանի Ռոսլինի ինստիտուտի պրոֆեսոր Բրյուս Ուայթլոուն արդեն հայտարարել է, որ ուսումնասիրությունը հայեցակարգի համոզիչ ապացույց է տվել:
Հետազոտողների կարծիքով՝ բազմացման նոր տեխնոլոգիան կարող է նաեւ օգնել պահպանել անհետացող տեսակները:
Օրինակ, սառեցված ռնգեղջյուրի սերմնաբջիջը կարող է օգտագործվել անհետացման եզրին կանգնած տեսակը վերականգնելու համար: Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ նոր մեթոդի կիրառման արագությունը կախված է քաղաքականություն մշակողներից:
Գենետիկորեն խմբագրված տնային կենդանիները դեռեւս մարդկանց կողմից սննդի մեջ օգտագործման թույլտվություն չեն ստացել՝ արտադրանքի անվտանգության, էթիկայի եւ կենդանիների բարեկեցության հետ կապված մտավախությունների պատճառով: