ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածու․ Հայաստանի դատական համակարգի հիմնական խնդիրը դատավորների պակասն է
Հայաստանի դատական համակարգի հիմնական խնդիրը ամբողջ հանրապետությունում դատավորների պակասն է։ Հայաստանում զգալիորեն ավելի շատ դատավորներ պետք է լինեն։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունների քննարկման ժամանակ ասաց թեկնածուներից մեկը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը։
Խունդկարյանի խոսքով՝ վերջին 5 տարում երկրում աշխատում է միջինը մոտ 240 դատավոր։ Նրանց տարեկան բաժին է ընկնում մինչեւ 250 հազար գործի քննություն։ «Այսպիսով, Հայաստանում մեկ դատավորին բաժին է ընկնում տարեկան շուրջ հազար եւ նույնիսկ ավելի գործ։ Սա աշխատանքային ուղղակի անմարդկային պայմաններ են»,- դժգոհեց նա։