COVID-19-ի բուռն շրջանում հետազոտություններ հրապարակելու շտապողականությունն «ինֆոդեմիայի» է հանգեցրել
COVID-19-ի բուռն շրջանում հետազոտություններ հրապարակելու շտապողականությունը հանգեցրել է նրան, ինչը գիտնականներն «ինֆոդեմիա» են կոչում` գիտական գրականության հսկայական հոսքի, այդ թվում` սխալ եւ հակասական եզրակացություններով, գրում է UPI:
Նոր տեղեկատվական հոսքերը հասկանալու եւ երաշխավորելու համար, որ առավել ճշգրիտ եւ օգտակար տեղեկատվությունը չի թաքցվելու պակաս խորաթափանց հետազոտությունների արդյունքում, Patterns ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները կողմ են հանդես գալիս հրապարակումների եւ արհեստական ինտելեկտի օգտագործման ավելի խիստ ստանդարտներին:
Ըստ հոդվածի գլխավոր հեղինակ Գանեշա Մանիի` ճշգրտությունը չպետք է զոհաբերվի արագությանը: «Գիտությունը գործընթաց է, որը պետք է ավելի գիտակցված լինի,- ասել է Մանին:- Աշխատանքը պետք է տարվի ամենուր, սակայն հատկապես` լրատվամիջոցների շրջանակներում` ավելի ճշգրիտ, տեղին, հեղինակավոր փաստեր ու հետազոտություններ ցույց տալու համար, այլ ոչ թե` դրանցից ամենապոպուլյարները»,- ասել է նա:
COVID-19-ի համավարակի բռնկումից հետո ամիսների ընթացքում գիտական ամսագրերը նոր կորոնավիրուսի վերաբերյալ ավելի քան 8000 գիտական հոդվածի պրեպրինտ են հրապարակել: Այս ընթացքում գրախոսման միջին ժամանակը 117-ից կրճատվել է մինչեւ 60 օր: Արդյունքում, հասարակությունը, բժիշկները եւ առողջապահության ոլորտի պատասխանատուները ապշել էին գիտական տեղեկատվության առատությունից:
Մանին եւ համահեղինակ Թոմ Հոուփն առաջարկում են օգտագործել մեքենայական ուսուցումը եւ համակարգչային ալգորիթմները` պակաս հուսալի տեղեկատվությունը զտելու համար: Բացի այդ, ԱԻ-ը կարող էր կապվել եւ սինթեզել իրար նման հետազոտությունների արդյունքները` տեղեկատվության արտահոսքը հաջորդ համավարակի կամ համանման գլոբալ խնդրի դեպքում ավելի հուսալի եւ մարսելի դարձնելով:
Մանին ենթադրում է, որ այս ինֆոդեմիան ճշգրտության եւ հուսալիության հետ կապված բազմապիսի խնդիրներ է ի հայտ բերել: Գիտական ստուգման եւ հրապարակման հետ կապված խնդիրները նոր չեն, սակայն Մանին եւ Հոուփը ենթադրում են, որ համավարակն իրավիճակն ավելի է վատթարացրել:
Արհեստական ինտելեկտը կարող է օգնել ուսումնասիրել եւ համակարգել տեղեկատվությունը, սակայն, Մանիի խոսքով, մարդիկ պետք է միասին աշխատեն` ինֆոդեմիայի ընթացքում արագության եւ ճշգրտության անհրաժեշտությունը հավասարակշռելու համար: Դա անելու անկարողությունը, պնդում է Մանին, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներ կունենա: