Թբիլիսիում կարանտինացրել են բազմաբնակարան շենքի գրեթե բոլոր բնակիչներին
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Աֆրիկա թաղամասում կորոնավիրուս է հայտնաբերվել միանգամից ընտանիքի մի քանի անդամների մոտ, ինչը կարող է վարակի նոր օջախ դառնալ, հաղորդում է Rustavi2 հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցների տվյալներով, կարանտինացվել է 17 մարդ, որոնցից 10-ի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Խոսքը Գումաթ-ԳԷՍ 17 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների մասին է:
Շենքը, որտեղ բնակվում են վարակվածները, արդեն ախտահանվել է: Տեղում աշխատում են համաճարակաբանները: Ճշտվում է կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը:
Ինչպես հայտնի է, վարակվածները վերջերս են վերադարձել Բաթումիից:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 152 մարդու մոտ: Ապաքինվել է վեց հիվանդ: Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2.227-ի, ապաքինվել է 1.369 մարդ: